Թուրքիան, չնայած ԱՄՆ-ի ճնշումներին, ձեռք կբերի ռուսական Ս-400 համակարգը․ Էրդողան

Թուրքիան նախատեսում է մոտ ապագայում ձեռք բերել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգը՝ հաշվի չառնելով ԱՄՆ-ի դժգոհությունները։ Այս մասին հայտարարել է Թուրքիաի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Երբ Սիրիայի տարածքից մեր վրա հրթիռներ էին ընկնում, և զոհվում ու վիրավորվում էին մեր քաղաքացիները, ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներն սկսեցին Թուրքիայից դուրս հանել ՀՕՊ համակարգերը։ Մեզ պետք են այդ համակարգերը, սակայն նրանք հրաժարվեցին մեզ դա տրամադրել։ Թուրքիան Ս-400-ի կարիքն ունի, և այդ պայմանագրի հարցը լուծված է։ Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք այդ համակարգերը կստանանք», - հայտարարել է Էրդողանը։

Նա Վաշինգտոնին քննադատել է նաև Ս-400-ի հարցը Ֆ-35 կործանիչների հետ կապելու համար։

«Նրանք փորձում են կանգնեցնել նույնիսկ այն մատակարարումները, որոնց համար արդեն վճարվել է։ Մենք վճարել ենք 900 միլիոն դոլար, և նրանք պետք է մեզ մատակարարեն 120 Ֆ-35 կործանիչ», - հավելել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են կնքել Ս-400-ի ձեռքբերման վերաբերյալ։ Ըստ համաձայնագրի՝ Անկարան պետք է գնի զենիթահրթիռային այս համակարգի երկու մարտկոց։

Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն բազմիցս քննադատել են Թուրքիային այս համաձայնագրի համար։ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելի խոսքով՝ Ս-400-ի ձեռքբերումը կարող է բացասականորեն ազդել ամերիկյան Ֆ-35 կործանիչների՝ Թուրքիա մատակարարման վրա։

Ի պատասխան՝ Անկարան հայտարարեց, որ միջոցներ կձեռնարկի, եթե Միացյալ Նահանգները փորձի կենսագործել հնչեցրած սպառնալիքները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.