Ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Դոնեցկի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել  է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Դոնեցկի խորհրդարանի պատգամավոր Վլադիսլավ Բերդիչևսկիի հայտարարությանը։

«Դոնեցկի Հանրապետության նախագահը զոհվել է «Սեպար» սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», - ասել է պատգամավորը։

Պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է Դոնեցկի նախարարների խորհրդի ղեկավարի տեղակալ, եկամուտների և տուրքերի նախարար Ալեքսանդր Տիմոֆեևը։

Դոնեցկի իշխանությունները տեղի ունեցածը համարում են ահաբեկչական գործողություն։

Ռիա Նովոստի-ն հայտնում է, որ դեպքի վայրը շրջափակված է․ տեղում աշխատում են ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության խմբեր։

ՌԴ Պետդումայի պատգամավոր, անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Իվան Տետերինը կարծում է, որ սպանության հետևում կանգնած են Ուկրաինայի իշխանությունները։

«Զախարչենկոն շատ անհարմար էր Կիևի համար։ Ամենայն հավանականությամբ, սա հենց Կիևի ձեռքի գործն է», - ասել է պատգամավորը։

ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նույնպես մեկնաբանել է տեղի ունեցածը։ Նա նույնպես չի բացառում, որ այս ամենի հետևում կարող է կանգնած լինել Կիևը։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.