Հնդկաստանը, չնայած ԱՄՆ-ի ճնշումներին, չի հրաժարվի Ս-400 համակարգը գնելու մտքից

Հնդկաստանն առաջիկայում ԱՄՆ-ի հետ նախարարական 2+2 ձևաչափով հանդիպմանը պատրաստվում է ամերիկյան կողմին հայտնել, որ, չնայած Վաշինգտոնի սահմանափակումներին, Ռուսաստանի հետ կնքելու է Ս-400 զենիթահրթիռային համակարգի ձեռքբերման համաձայնագիրը։ Այս մասին հայտնել են Հնդկաստանի կառավարության աղբյուրները։

«Հնդկաստանը գործնականում ավարտել է Ռուսաստանի հետ Ս-400-ի գործարքը, և մենք ցանկանում ենք առաջ շարժվել։ Մենք ցանկանում ենք ամերիկյան կողմին հայտնել այս հարցում մեր դիրքորոշումը», - ասել է կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

«Հնդկաստանը ցանկանում է հասնել այն բանին, որ ամերիկյան վարչակազմը պատժամիջոցներ չսահմանի իր նկատմամբ, քանի որ ռուսական այս համակարգի ձեռքբերումն անհաժեշտությունը է Ռուսաստանի հետ պաշտպանական ոլորտում սերտ համագործակցության հարցում և տարածաշրջանային այս զարգացումների պայմաններում», - ընդգծել է հնդիկ պաշտոնյան։

Սեպտեմբերի 6-ին Նյու Դելիում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը մասնակցելու են 2+2 ձևաչափով նախարարարական առաջին հանդիպմանը։ Ամերիկացի պաշտոնյաները հնդիկ գործընկերների հետ պատրաստվում են քննարկել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև համաձայնեցնել միջազգային անվտանգության հարցում կողմերի դիրքորոշումները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հնդկաստանի կողմից ռուսական Ս-400 համակարգերի ձեռքբերման պայմանագիրը կարող է կնքվել մինչև 2018 թվականի ավարտը։ Հնդկաստանն այդպիսով կարող է դառնալ ռուսական այս համակարգի երրորդ գնորդը Չինաստանից և Թուրքիայից հետո։

Աղբյուր՝  https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5517053

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.