Թրամփը Սիրիան օգտագործում է իր ներքաղաքական խնդիրները լուծելու համար․ Իրանի ԱԳ նախարար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի մասին իր հայտարարություններով լուծում է սեփական ներքաղաքական խնդիրները։ Նման միտք է արտահայտել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
«Թրամփը փորձում է ձուկ որսալ պղտոր ջրում, որպեսզի լուծի իր ներքաղաքական խնդիրները։ ԱՄՆ-ում իր վիճակը դժվար է կայուն գնահատել, և նա փորձում է դա փոխհատուցել Սիրիայի ժողովրդի հաշվին», - ասել է Զարիֆը։
Նա Թրամփին կոչ է արել մի կողմ քաշվել և թույլ տալ գործել այն մարդկանց, որոնք իսկապես պայքարում են ահաբեկչության դեմ։
«Եթե ուրիշները չմիջամտեն, ապա մենք արագորեն կլուծենք այս երկրում ծայրահեղականների հարցը», - շարունակել է Իրանի ԱԳ նախարարը։
Ավելի վաղ Թրամփն իր թվիթերյան էջում գրել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չպետք է գրոհի Իդլիբը։ Նա հավելել էր, որ ռուսները և իրանցիները «մեծ սխալ են գործում՝ մասնակցելով հումանիտար պոտենցիալ աղետին»։
Իդլիբը Սիրիայի միակ շրջանն է, որը դեռ զինված խմբավորումների ձեռքում է։