Իրանը դուրս կգա միջուկային համաձայնագրից, եթե ԵՄ-ը մինչև նոյեմբերի 4-ը միջոցներ չձեռնարկի դրա պահպանման համար․ Իրանի ԱԳՆ

Եվրոպան պետք է մինչև նոյեմբերի 4-ը միջոցներ ձեռնարկի Իրանի միջուկային համաձայնագիրը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք եվրոպացիներին ասել ենք, որ եթե միջուկային համաձայնագիրը չհամապատասխանի մեր շահերին նավթի արտահանման և բանկային համակարգի գործելակերպի վերաբերյալ, ապա մենք դուրս կգանք Համատեղ համապարփակ գործողությունների պլանից», - ասել է նախարարի տեղակալը։

Նրա խոսքով՝ եթե Եվրոպան ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնումից հետո քայլեր չձեռնարկի Իրանի շահերը պաշտպանելու ուղղությամբ, ապա Թեհրանի մասնակցությունը միջուկային համաձայնագրին դառնում է անիմաստ։

«Եթե նոյեմբերի 4-ից հետո մենք կարողանանք նավթ արտահանել, ապա Իրանը դուրս չի գա միջուկային համաձայնագրից», - ընդգծել է Արաղչին։

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։

Այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

Աղբյուր՝ https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5524807

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.