Սպիտակ տունը կարող է դատական հայց ներկայացնել Թրամփի մասին գրքի հեղինակի դեմ

Սպիտակ տունը չի բացառում The Washington Post թերթի թղթակից Բոբ Վուրդվորդի նկատմամբ դատական գործընթաց սկսելու հավանականությունը վերջինիս՝ «Սարսափ․ Թրամփը՝ Սպիտակ տանը» վերնագրով գրքի համար, որտեղ տեղ են գտել մի շարք սկանդալային պատմություններ կապված Դոնալդ Թրամփի գործունեության հետ։ Այս մասին գրում է The Hill թերթը՝ հղում կատարելով Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսի հայտարարությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դատարան դիմելու պատճառն այն է, որ օրերս գրախանութներում վաճառքի հանված գրքում տեղ են գտել վարչակազմի ներկայացուցիչների խոսքեր, որոնք, Սպիտակ տան հավաստմամբ, մտացածին են և իրականում չեն հնչել։ Լրագրողների հետ զրույցի ընթացքում Սանդերսը սա համարել է «ստեղծագործական անպատասխանատվություն»։

«Որոշ մարդիկ հաստատել են, որ Վուդվորդն իր գրքում տեղ չի հատկացրել այն հայտարարություններին և խոսքերին, որոնք իրենք ասել են հեղինակի հետ հարցազրույցների ժամանակ։ Սա խոսում է հեղինակի անպատասխանատվության աստիճանի մասին», - ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակը։

Նրա խոսքով՝ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջեն Քելին և նախագահ Թրամփի նախկին փաստաբան Ջոն Դաուդը, որոնց Վուդվորդը հիշատակել է իր գրքում, կտրականապես հրաժարվել են գրքում իրենց վերագրված խոսքերից։

«Կարծում եմ՝ նրանք ավելի արժանահավատ աղբյուրներ են և վարչակազմում ավելի շատ վստահության են արժանի», - շարունակել է Սանդերսը։

Հիշեցնենք, որ արդեն լույս է տեսել The Washington Post թերթի թղթակից Բոբ Վուդվորդի «Սարսափ․ Թրամփը՝ Սպիտակ տանը» գիրքը, որում պատմվում է ներկայից վարչակազմի օրոք տեղի ունեցած բազմաթիվ հետաքրքիր և սկանդալային իրադարձությունների մասին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.