ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդը մեղադրվում է երեխաներին ռազմական նպատակով օգտագործելու մեջ

Երուսաղեմի արդարադատության ինստիտուտը հայց է ներկայացրել ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի դեմ՝ վերջինիս մեղադրելով երեխաներին որպես զինվոր և կենդանի վահան օգտագործելու մեջ։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Arutz Sheva թերթին։

Մեղադրող կողմի տվյալներով՝ 2016 թ․ ի վեր շարժումը հավաքագրել է 17 հազար երեխաների։ Հայցն ուղարկվել է Հաագայի միջազգային քրեական դատարան։

Արդարադատության ինստիտուտի հայտարարության մեջ բերվում են փաստեր, որ Հանիան կատարել է ամենաքիչը երկու ռազմական հանցագործություն։ Նա երեխաներին հավաքագրել է 15 տարեկան հասակում, նրանց օգտագործել ռազմական նպատակով որպես զինվորներ, ինչպես նաև նրանց միջոցով իրականացրել ահաբեկչական հարձակումներ։ Բացի այդ՝ նա երեխաներին պարբերաբար օգտագործել է որպես կենդանի վահան։

Երուսաղեմի արդարադատության ինստիտուտի փաստաբան Ուրի Մորադը, որը մասնակցում է գործընթացին, հայտնել է, որ Միջազգային քրեական դատարանի մասնագետները հավանության են արժանացրել հիմնավորող փաստաթղթեր հավաքելու միտքը։

«Մենք զգացինք, որ հայցն ընդունածները վստահում են մեզ։ Ես վստահ եմ, որ ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդի դեմ մեր ներկայացրած հայցն անաչառ քննության կենթարկվի», - ասել է փաստաբանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.