Իրանի իշխանությունները տարեկան 100 միլիոն դոլար են հատկացնում ահաբեկիչներին․ Պոմպեո

Իրանի իշխանությունները տարեկան 100 միլիոն դոլար են հատկացնում պաղեստինյան «ՀԱՄԱՍ» և «Իսլամական ջիհադ» շարժումներին։ Այս մասին «Միջուկային Իրանի դեմ միավորում» կազմակերպության համաժողովին ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Նախագահ Հասան Ռոհանիի և ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի գլխավորած ռեժիմը տարեկան 100 միլիոն դոլար է հատկացնում ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսիք են «ՀԱՄԱՍ»-ը և «Իսլամական ջիհադը»», - ասել է Պոմպեոն։

ԱՄՆ-ի իշխանությունները Թեհրանին բազմիցս մեղադրել են ահաբեկչությանը ֆինանսավորելու մեջ և պատժամիջոցներ սահմանել վերջինիս նկատմամբ։  

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։

Այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.