ԱՄՆ-ը չի կարող երկար ժամանակ պահպանել ճնշումներն Իրանի նկատմամբ․ Ռոհանի

Միացյալ Նահանգները չի կարող երկար ժամանակ պահպանել Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցային ռեժիմը։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

«Պատժամիջոցները նշանակում են երկրների և կազմակերպությունների միջև տնտեսական առևտրի նորմալ ցիկլի խախտում։ Միացյալ Նահանգները փորձում է իր ողջ ուժով խախտել առևտրային և տնտեսական գործունեության այս ցիկլը», - ասել է Ռոհանին՝ հավելելով, որ ամերիկյան իշխանությունները «երկարաժամկետ հեռանկարում չեն կարողանա պահպանել այս ճնշումները, որոնք իրենց հերթին չեն կարող ԱՄՆ-ի համար ցանալի արդյունքներ ապահովել»։

Իրանի նախագահը համոզված է, որ պատժամիջոցներն ամենաշատը ազդում են հասարակ ժողովրդի վրա, քանի որ հանգեցնում են գնաճի։

«Մարդիկ ստիպված են նույն ապրանքի համար վճարել ավելին։ Ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են ոչ թե Իրանի իշխանությունների, այլ իրանցի ժողովրդի դեմ։ Ցավոք, միայն Վաշինգտոնն է շարունակում հավատալ նման մոտեցման արդյունավետությանը», - ընդգծել է Ռոհանին։

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։

Այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

Աղբյուր՝  https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5604204

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.