Աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ համաժողովը

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումների շրջանակում անցկացվող նախարարական համաժողովը վերսկսեց իր աշխատանքները: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 8-9-ին ընթացող համաժողովին մասնակցում են Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները:

Նախարարական համաժողովին ելույթ կունենա կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Աշխատանքների ավարտից հետո նախարարները կորոշեն նաև Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի հաջորդ նիստի տեղն ու անցկացման վայրը: Համաժողովն իր աշխատանքներն իրականացնում է դռնփակ ռեժիմով:

Նախատեսվում է, որ հոկտեմբերի 9-ին Երևանում կբացվի Ֆրանկոֆոնիայի ավանը, որտեղ կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչները կցուցադրեն իրենց երկրների մշակութային բազմազանությունը։

Հոկտեմբերի 9-ից 12-ը Ծաղկաձորում տեղի կունենա Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության 47-րդ նստաշրջանը։ Հոկտեմբերի 10-ին «Թումո» տեխնոլոգիաների կենտրոնում նախատեսվում է անցկացնել տնտեսական ֆորում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա գալա համերգ, որը նվիրված կլինի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ Հոկտեմբերի 11-12 կանցկացվի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որը կմեկնարկի բացման հանդիսավոր արարողությամբ: Գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին` հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը եւ զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության եւ բարգավաճման։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.