«Պետք է մի կողմ քաշվել»․ Թրամփն ընդունել է Նիկի Հեյլիի հրաժարականը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի հրաժարականը, որը պաշտոնը կթողնի ընթացիկ տարվա վերջին։ ԱՄՆ առաջնորդը խոստացել է առաջիկա շաբաթների ընթացքում փոխարինող գտնել ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի համար։ Անձամբ Հեյլին իր հրաժարականը պատճառաբանել է «մի կողմ քաշվելու» անհրաժեշտությամբ։

Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկի Հեյլին ասել է, որ իր հրաժարականը պայմանավորված չէ անձնական պատճառներով։

«Չկա անձնական որևէ պատճառ։ Իշխանության ներկայացուցիչը պետք է հասկանա, թե երբ է մի կողմ քաշվելու ժամանակը։ Վերջին 8 տարվա ընթացքում ես արել եմ ամենը, ինչ կարողացել եմ։ Կարծում եմ, որ պարբերաբար պետք է նոր մարդիկ գան, որոնք կարող են մեծ ջանքեր ներդնել», - ասել է Հեյլին։

Նա ընդգծել է նաև, որ չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը 2020 թ․ նախագահական ընտրություններին և պաշտպանելու է Թրամփի թեկնածությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բարձր է գնահատել Հեյլիի հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ նման արդյունավետ աշխատանքը կշարունակվի նաև Հեյլիի հաջորդի հետ։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը նույնպես մեկնաբանել է Հեյլի հրաժարականը։ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ դա Միացյալ Նահանգների ներքին գործն է։

Հեյլին Թրամփի թիմի միակ ներկայացուցիչը չէ, որ ժամանակից շուտ հեռանում է զբաղեցրած պաշտոնից։ Այս տարվա մարտին Թրամփն աշխատանքից հեռացրել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին։ Այս պաշտոնում նրան փոխարինել է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն։ Մեկնաբանելով Թիլերսոնի հեռացումը՝ Թրամփը նշել էր, որ իրենք տարաձայնություններ ունեին մի շարք հարցերի շուրջ։

Ավելի վաղ Թրամփն աշխատանքից հեռացրել էր նաև իր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերին։ Նրան փոխարինել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի երբեմնի ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը, որը հայտնի է իր ծայրահեղ ագրեսիվ հռետորաբանությամբ։ Հատկանշական է, որ Մաքմասթերն այդ պաշտոնն զբաղեցրել էր աշխատանքից հեռացված Մայքլ Ֆլինի փոխարեն։ Վերջինս մեղադրվում էր նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Վաշինգտոնում ՌԴ դեսպանի հետ գաղտնի հանդիպում ունենալու համար։

Նիկի Հեյլին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնում է 2017 թ․ հունվարի 27-ից։ Նախագահ դառնալուց հետո Թրամփը Հեյլիին առաջարկել է զբաղեցնել պետքարտուղարի պաշտոնը, սակայն վերջինս հրաժարվել է՝ նշելով, որ ինքը չափազանց անփորձ է դրա համար, ինչից հետո նրան առաջարկվել է դառնալ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։ Հեյլին խնդրել է նաև իրեն դարձնել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի անդամ։

«Ես ասացի, որ ցանկանում եմ լինել որոշումների ընդունման գործընթացի մաս։ Ես չեմ ցանանում լինել խոսող գլուխ․ ցանկանում եմ ասել այն, ինչ մտածում եմ», - պատմել է Հեյլին՝ հավելելով, որ ինքը սկզբում չէր հավատւմ, որ իրեն կտան այն ամենը, ինչ ցանկանում է։

«Սակայն նրանք համաձայնեցին։ Ինչպե՞ս ես կարող էի հրաժարվել», - շարունակել է նա։

Հեյլին չի հերքում, որ Թրամփի հետ համակարծիք չեն մի շարք հարցերում։ Այն բանից հետո, երբ The New York Times թերթում լույս տեսավ անանուն հոդված, որտեղ մի բարձրաստիճան պաշտոնյա պատմել էր, թե ինչպես է փորձել հակազդել Թրամփին, Հեյլիին սկսեցին կասկածել այդ նյութը հեղինակելու մեջ։ Նա հերքեց այդ մեղադրանքները և The Washington Post-ում անձամբ մի հոդված գրեց, որտեղ նշեց, որ բոլոր հարցերը քննարկում է Թրամփի հետ։

Հեյլին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ նշանակվեց Թրամփի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին հայտարարությունների ֆոնին։ Սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հենց առաջին նիստին Հեյլին հանդես եկավ բավական ագրեսիվ հայտարարություններով։ Նա նշեց, որ Ղրիմը Ուկրաինայի մասն է, և հակառուսական պատժամիջոցներն ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ թերակղզին չի անցել Կիևի վերահսկողության տակ։ Ի պատասխան ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը նշեց, որ Ղրիմի ժողովուրդն իր կամքն արտահայտել է անցկացված հանրաքվեի միջոցով։

Հակառուսական հայտարարություններով Հեյլին աչքի է ընկել ոչ մեկ անգամ։ 2018 թ․ ամռանը ՄԱԿ-ում ունեցած ելույթներից մեկի ժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնում «չեն վստահում և երբեք էլ չեն վստահի Մոսկվային»։

«Նրանք երբեք չեն դառնա մեր բարեկամը։ Դա փաստ է», - ասել էր Հեյլին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.