Ռուսաստանը Կուբայում կտեղակայի տվյալների ստացման շարժական համակարգեր

Ռուսաստանը նախատեսում է Կուբայում տեղակայել օպտիկական և ինֆրակարմիր տիրույթներում Երկրի դիտարկման հեռահար զոնդավորման արբանյակների տվյալների ստացման շարժական համակարգեր։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։

Նշվում է, որ շարժական համակարգն ստեղծվել է 2015 թ․ և անցել է պետական փորձարկումներ։ Համակարգերի վերջնական տեղակայումը և դրանց գործարկման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2019 թ․ ապրիլի 30-ը։ Այս համակարգերը տվյաներն ստանալու են «Ресурс-П», «Канопус-В» և «Канопус-В-ИК» տեսակի օպտիկական դիտարկման տիեզերական ապարատներից և կոդավորված ռեժիմով ուղարկելու են Մոսկվա։

Բացի այդ հաջորդ տարի «Роскосмос» ընկերությունը պատրաստվում է տվյալների ստացման ստացիոնար կայաններ տեղակայել Չուկոտկայում և Անտարկտիդայի «Прогресс» կոչվող ռուսական կայանում։

«Ресурс-П» տիեզերական համակարգը բաղկացած է երեք սարքերից։ Այն թույլ է տալիս տեսանելի և մերձավոր ինֆրակարմիր տիրույթում ստանալ օրական երեք անգամ հաճախականությամբ և 0.7 մետր թողունակությամբ ցանկացած բնույթի տեղեկատվություն։ Տիեզերական սարքերից ստացված տվյալներն օգտագործվում են ընդհանուր աշխարհագրական, թեմատիկ և տեղանքագրական քարտեզների կազմման և թարմացման, շրջակա միջավայրի քայքայման և աղտոտման նկատմամբ վերահսկողության, նավթի և այլ օգտական հանածոների հանքավայրերի որոնումների ընթացքում տեղեկատվության ապահովման նպատակներով։ Գերսպեկտրային արբանյակային լուսանկարների հիման վրա հնարավոր է որոշել անգամ ցորենի հասունության, ջրամբարում միկրոֆլորայի ակտիվության, ինչպես նաև հողի աղակալման աստիճանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.