ՄԱԿ-ը կոչ է անում վերացնել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանի անձեռնմխելիությունը

Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Միշել Բաչելետը հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով անմիջապես հանել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանի անձեռնմխելիությունը, որպեսզի լիարժեք հետաքննություն իրականացվի լրագրող Ջեմալ Խաշոջիի անհետացման գործով։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ասվում է Բաչելետի՝ Ճնևում տարածած հաղորդագրության մեջ։

«Հաշի առնելով լրագրող Խաշոջիի անհետացման շուրջ ստեղծված իրավիճակի լրջությունը՝ կարծում եմ՝ անմիջապես պետք է հանել Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչության և պաշտոնատար անձանց անձեռնմխելիությունը, որն ամրագրված է հյուպատոսական հարաբերոթյունների մասին Վիեննայի 1963 թ․ բանաձևում», - ասել է Բաչելետը։

Նա հիշեցրել է նաև, որ միջազգային իրավունքի համաձայն՝ բռնի անհետացումը և արտադատական սպանությունը «դաժան հանցագործություն է, և դիվանագիտական իմունիտետը չպետք է խոչընդոտի տեղի ունեցածը պարզելու համար կատարվող լիարժեք հետաքննությանը»։

Հիշեցեցնենք, որ հոկտեմբերի 2-ին սաուդցի դիվանագետները Reuters գործակալության լրագրողին հրավիրել էին Ստամբուլի գլխավոր հյուպատոսարան և, ինչպես հայտնում է Sozcu թերթը, փոքրիկ էքսկուրսիա են անցկացրել դիվանագիտական ներկայացուցչությունում։ Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան այցից հետո լրագրողն անհետացել է․ ոչ ոքի չի հաջողվում կապ հաստատել նրա հետ։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի խորհրդական Յասին Աքթայը Hurriyet թերթին հայտնել էր, որ «գոյություն ունեն փաստեր, որ լրագրողը կարող է սպանված լինել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում»։ Նրա խոսքով՝ Թուրքիայի ոստիկանությունը և այլ ուժային կառույցներ մանրակրկիտ հետաքննություն են անցկացնում՝ պարզելու տեղի ունեցածի մասնրամասները։ Աքթայը նշել է նաև, որ տեսախցիկների նկարած կադրերից երևում է, թե ինչպես է Խաշոջին մտնում հյուպատոսարան, սակայն շենքից դուրս գալու տեսագրությունն այդպես էլ չի հաջողվել գտնել։

Reuters գործակալությունը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիայից 15 հոգի, որոնց թվում նաև պաշտոնատար անձինք, մեկնել էին Ստամբուլ և մտել հյուպատոսարանի շենք հենց նույն օրը, երբ Խաշոջին գտնվում էր այնտեղ։ Աղբյուրի համաձայն՝ ավելի ուշ նրանք լքել են երկիրը։

Լրագրող Ջեմալ Խաշոջին հայտնի է Ռիադի մասին իր քննադատական հայտարարություններով։ 2017 թ․ նա հեռացել էր Սաուդյան Արաբիայից և բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում։

Լրագրողը The Washington Post թերթի համար մշտապես հոդվածներ էր գրում Սաուդյան Արաբիայում տիրող իրավիճակի և Ռիադի արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ հիմնականում քննադատելով այս երկրի իշխանություններին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.