Թեժ վեճ՝ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների միջև․ նրանցից մեկը կարող է հրաժարական տալ․ CNN

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը վիճել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիի հետ, ինչից հետո վարչակազմում մտավախություններ են ի հայտ եկել, որ նրանցից մեկը կարող է հրաժարական տալ։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թեժ վեճը, որի ժամանակ Բոլթոնը և Քելին բղավել են միմյանց վրա, եղել է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի անվտանգության հարցի վերաբերյալ։

«Տեղի ունեցածը վեր է հանել Թրամի խորհրդականների միջև խորը տարաձայնությունը, որն առկա է արդեն մի քանի շաբաթ։ Սպիտակ տանը հազվադեպ են տեղի ունենում վեճեր, որոնց ժամանակ մարդիկ բղավում են, սակայն տեղի ունեցած դեպքը դուրս եկավ սահմանված շրջանակից», - գրում է CNN-ը։

Վեճի ժամանակ Բոլթոնը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստյեն Նիլսենին այն բանի համար, որ վերջինս բավարար միջոցներ չի ձեռնարկում ապօրինի ներգաղթը կանխելու համար։ Քելին, որը նախկինում զբաղեցրել է ներքին անվտանգության նախարարի պաշտոնը՝ լինելով Նիլսենի ղեկավարը, հակադարձել է Բոլթոնին։ Հատկանշական է, որ Թրամփն այս հարցում կանգնել է Բոլթոնի կողքին։

CNN-ը գրում է, որ դեռ մայիսին նույն հարցի շուրջ վեճ էր ծագել նաև Նիլսենի և նախագահ Թրամփի միջև։ Աղբյուրի հավաստմամբ՝ այն ժամանակ Նիլսենը գրել էր իր աշխատանքից հեռանալու դիմումը, սակայն այն այդպես էլ մնացել էր թղթի վրա։

Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների շրջանում մտավախություն կա, որ տեղի ունեցած վեճից հետո Բոլթոնը կամ Քելին կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից։

Սպիտան տունն անդրադարձել է CNN-ում հրապարակված այս լուրին։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերը կտրականապես հերքել է այն՝ նշելով, որ վարչակազմում «միմյանց վրա չեն բարկանում, ինչքան էլ, որ ապօրինի ներգաղթի հարցը կարևոր լինի իրենց համար»։ Սանդերսի խոսքով՝ վարչակազմի միակն դժգոհությունն այն է, որ դեմոկրատները մշտապես արգելափակում են այս հարցով Թրամփի բոլոր նախաձեռնությունները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.