Ավստրիայի արտգործնախարարը Ջեմալ Խաշոգջիի սպանության վերաբերյալ բացատրություններ է պահանջել Սաուդյան Արաբիայի դեսպանից

Սաուդյան Արաբիայի դեսպանը կանչվել է Ավստրայի արտաքին գործերի նախարարություն՝ լրագրող Ջեմալ Խաշոգջիի սպանության վերաբերյալ բացատրություններ տալու։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնաիսլը։

«Ես այսօր նախարարություն եմ հրավիրել Սաուդյան Արաբիայի դեսպանին և նրան հայտնել մեր անհանգստության մասին։ Մենք շարունակելու ենք հանդես գալ այս գործի թափանցիկ և բազմակողմանի բացահայտման օգտին։ Ես նշել եմ, որ մեր անհանգստությունը կապված է ոչ միայն Խաշոգջիի սպանության, այլ նաև իրենց երկրում տեղի ունեցած մի շարք ձերբակալություների հետ։ Խոսքը, մասնավորապես, այն կանանց մասին է, որոնք ազատազրկվել են միջազգային համաժողովների մասնակցելու համար։ Ես հետաքրքրվել եմ, թե ինչում են նրանք մեղադրվում։ Ես դեսպանից չեմ ստացել սպառիչ պատասխաններ», - ասել է Ավստրիայի արտգործնախարարը։

Նա նշել է, որ ոչ միայն դեսպանը, այլ նաև Սաուդյան Արաբիայի իշխանությունները պետք է գիտակցեն, որ մեծ սխալ են գործել Խաշոգջիի սպանության հարցում։

Հիշեցնենք, որ լրագրող Ջեմալ Խաշոջին աշխատում էր ամերիկյան The Washington Post թերթում և 2017 թվականից ապրում էր ԱՄՆ-ում։ Նա անհետացել է հոկտեմբերի 2-ին, երբ մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանի շենք։

Շուրջ երկու շաբաթ Թուրքիայում սաուդական դիվանագիտական ներկայացուցչությունը պնդում էր, որ լրագրողը հեռացել է շենքից։ Հոկտեմբերի 20-ին Սաուդյան Արաբիայի լրատվականները հրապարակել էին երկրի գլխավոր դատախազի հայտարարությունը, ըստ որի՝ Խաշոջին մահացել է Ստամբուլի գլխավոր հյուպատոսարանում վերջինիս և դիվանագիտական ներկայացուցչության մի քանի աշխատակիցների միջև ծագած վեճի արդյունքում։ Դատախազի խոսքով՝ այդ գործով ձերբակալվել է 18 մարդ, որոնք հարցաքննվել են։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը, մեկնաբանելով լրագրողի սպանությունը, նշել է, որ հանցագործները չարաշահել են իրենց լիազորությունները։

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը և թագաժառանգ Մուհամմեդ Բին Սալման Ալ-Սաուդը հեռախոսով ցավակցել են սպանված լրագրողի ընտանիքին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.