Լրագրող Ջեմալ Խաշոգջիի սպանությունը չէր կարող տեղի ունենալ առանց ԱՄՆ-ի աջակցության․ Ռոհանի

Սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոգջիի սպանությունը չէր կարող տեղի ունենալ առանց ԱՄՆ-ի աջակցության։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

«Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող էր նման հանցագործություն կատարել առանց ԱՄՆ-ի աջակցության։ Ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ արդի ժամանակաշրջանում մենք կարող ենք ականատես լինել նման սպանության», - ասել է Ռոհանին՝ կոչ անելով Թուրքիային թափանցիկ և բազմակողմանի քննություն իրականացնել։

«Մենք թուրքական կառավարությանը խնդրում ենք շարունակել հետաքննությունը և միջազգային հանրությանը ներկայացնել այս գործի բոլոր մանրամասները», - շարունակել է Իրանի նախագահը։

Հիշեցնենք, որ լրագրող Ջեմալ Խաշոջին աշխատում էր ամերիկյան The Washington Post թերթում և 2017 թվականից ապրում էր ԱՄՆ-ում։ Նա անհետացել է հոկտեմբերի 2-ին, երբ մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանի շենք։

Շուրջ երկու շաբաթ Թուրքիայում սաուդական դիվանագիտական ներկայացուցչությունը պնդում էր, որ լրագրողը հեռացել է շենքից։ Հոկտեմբերի 20-ին Սաուդյան Արաբիայի լրատվականները հրապարակել էին երկրի գլխավոր դատախազի հայտարարությունը, ըստ որի՝ Խաշոջին մահացել է Ստամբուլի գլխավոր հյուպատոսարանում վերջինիս և դիվանագիտական ներկայացուցչության մի քանի աշխատակիցների միջև ծագած վեճի արդյունքում։ Դատախազի խոսքով՝ այդ գործով ձերբակալվել է 18 մարդ, որոնք հարցաքննվել են։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը, մեկնաբանելով լրագրողի սպանությունը, նշել է, որ հանցագործները չարաշահել են իրենց լիազորությունները։

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը և թագաժառանգ Մուհամմեդ Բին Սալման Ալ-Սաուդը հեռախոսով ցավակցել են սպանված լրագրողի ընտանիքին։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.