Թուրքիայում Գյուլենական շարժման հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալության հրաման է արձակվել 30 մարդու նկատմամբ

Անկարայի դատախազությունը հրահանգել է ձերբակալել 30 մարդու, որոնք կասկածվում են 2016 թ․ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet թերթը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կասկածյալները Թուրքիայի ազգային առողջապահության նախարարության աշխատակիցներ են։ Նրանք բոլորը մեղադրվում են Գյուլենական շարժման հետ առնչություն ունենալու մեջ։ Նշվում է, որ նրանցից 20-ն արդեն հարցաքննվել է։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 24-ին Ստամբուլի դատախազությունը հրահանգել էր ձերբակալել 56 մարդու, որոնք կասկածվում են ByLock բջջային հավելվածն օգտագործելու մեջ։ Թուրք իրավապահները պնդում են, որ հեղաշրջման փորձի կազմակերպիչները միմյանց միջև կապը պահել և իրենց գործողությունները կոորդինացրել են հենց այս հավելվածի միջոցով։

Հիշեցնենք, որ Անկարան 2016 թ․ հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է արդի իսլամական գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ի իշխանություններից մի քանի անգամ պահանջել է Գյուլենին ձերբակալել և արտահանձնել Թուրքիային, սակայն մերժում է ստացել։ Ըստ ամերիկյան կողմի՝ Թուրքիայի իշխանությունները չեն տրամադրել հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության վերաբերյալ բավարար ապացույցներ։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.