Իսրայելական բանակը Գազայի հատվածում խոցել է ահաբեկիչների 80 թիրախ

Հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերն  ի պատասխան պաղեստինցիների կողմից հրեական պետության տարածքի հրթիռակոծությանը,  Գազայի հատվածում խոցել են 80 թիրախ։ Այս մասին հայտնել են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից։

«Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի տասնյակ ինքնաթիռներ և ուղղաթիռներ Գազայի հատվածում գրոհել են ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման օբյեկտները», - ասվում է իսրայելական բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նախնական տվյալների համաձայն՝ ոնչացված թիրախների թվում են հինգ ռազմական օբյեկտ, զենքի պատրաստման երկու արտադրամաս, մարզաբազա, ահաբեկիչների գաղտնի տեղաշարժման համար նախատեսված թունել և հակաօդային դիտարկման հենակետեր։

Նշենք, որ պաղեստինցիներն արդեն մի քանի ամիս է՝ Գազայի հատվածում ակցիաներ են իրականացնում մարտի վերջին սկսված «Վերադարձի մարշի» շրջանակներում։ Իսրայելցի զինվորականների հետ բախումներն առավել ագրեսիվ բնույթ են կրում հատկապես ուրբաթ օրերին, երբ ավանդական աղոթքից հետո փողոցներ են դուրս գալիս հազարավոր արաբներ։ Այս ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով արդեն զոհվել է 198 արաբ, ավելի քան 22 հազարը՝ վիրավորվել է։

Ավելի վաղ Իսրայելը սպառնացել էր դաժան պատասխան տալ Գազայի հատվածից հրեական պետության նկատմամբ կատարվող յուրաքանչյուր հարձակմանը կամ ոտնձգությանը։ Ի պատասխան՝ ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարները խոստացել են ավելի մեծ քանակությամբ ցուցարարներ կենտրոնացնել Իսրայելի հետ սահմանին։

«Ոչինչ չի կարող խանգարել մարդկանց շարունակել իրենց քայլերթը հանուն սեփական նպատակների իրականացման և սեփական հողում արժանապատիվ ապրելու իրավունքի իրացման», - ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.