Պենտագոնն իրականացրել է ռազմամթերքի՝ 21-րդ դարի ամենամեծաքանակ առաքումը Եվրոպա
Այս տարվա հոկտեմբերին Պենտագոնը Գերմանիայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Ռամշտայն ավիաբազա է ուղարկել շուրջ 100 կոնտեյներ զենք և զինամթերք։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով ռազմաբազայի պաշտոնական կայքին։
Նշվում է, որ սա ԱՄՆ-ի համար զինամթերքի մասշտաբներով ամենախոշոր փոխադրումն է Եվրոպա սկսած 1999 թվականից, երբ ամերիկյան ռազմաօդային ուժերն օդային ավելի քան 900 արշավ էին կատարել Հարավսլավիայի տարածքում։
Ինչպես հայտնում է Գերմանիայում ամերիկյան ռազմաբազայի պաշտոնական կայքը, կոնտեյներների պարունակությունը նախատեսված է «ագրեսիվ խաղացողների կողմից սպառնացող վտանգներին օպերատիվ կերպով արձագանքելու համար»։
Ռամշտայն ավիաբազան ամերիկյան ռազմաօդային ուժերի արտասահմանյան խոշորագույն հենակետն է։ Այստեղ է տեղակայված նաև Եվրոպայում ԱՄՆ-ի ՌՕՈւ-ի շտաբ-բնակարանը և, ենթադրաբար, ռազմական անօդաչու սարքերի թռիչքների կառավարման կենտրոնը։