Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանը կարող է դառնալ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նոր մշտական ներկայացուցիչը

Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում դիտարկում է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպան Ջեյմի Մաքքորթի թեկնածությունը։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով Fox News-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած դրան՝ այս պաշտոնին գլխավոր թեկնածուն դեռ մնում է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Հեդեր Նաուերթը։ Լրատվականը հայտնում է, որ հոկտեմբերի 29-ին Նաուերթը Սպիտակ տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ։ Չի նշվում, սակայն, թե ինչն է եղել նրանց հանդիպման թեման։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնի համար դիտարկում է հինգ թեկնածություն։

Հիշեցնենք, որ ներկայում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հրաժարական է ներկայացրել և կլքի զբաղեցրած պաշտոնն առաջիկա հունվարին։

Ջեյմի Մաքքորթը Ֆրանսիայում ԱՄՆ դեսպան է նշանակվել 2017 թ․ նոյեմբերին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.