ԱՄՆ-ն արաբական կոալիցիային կոչ է անում դադարեցնել ավիահարվածները Եմենի ուղղությամբ

Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիային կոչ է անում դադարեցնել ավիահարվածները Եմենի բնակայվարերին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Ժամանակն է եկել վերջ դնելու թշնամական գործողություններին, այդ թվում՝ հուսիների հսկողության տակ գտնվող տարածքերից Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ ավիահարվածներին։ Համապատասխանաբար՝ պետք է դադարեն նաև արաբական կոալիցիայի հարվածները Եմենի բնակավայրերի ուղղությամբ», - հայտարարել է Պոմպեոն։

Նա նաև կոչ է արել Եմենի հարցով բանակցություններ անցկացնել որևէ երրորդ երկրում, որպեսզի վերջ դրվի այս հակամարտությանը և ստեղծվի ապառազմականացված գոտի։

«Այս տարվա նոյեմբերին պետք է անցկացվեն նշանակալի խորհրդակցություններ, որպեսզի վստահություն ստեղծվի խնդիրը լուծելու հարցում», - շարունակել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հիշեցնենք, որ 2014 թ. օգոստոսից Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և ապստամբ հուսիների հակամարտությունը: Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թ. մարտին, երբ հակամարտությանը միջամտել է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան:

Նախորդ տարվա նոյեմբերի 29-ին Սանայում ընթացել են դաժան մարտեր, ինչի պատճառը Եմենի նախկին նախագահ Ալլահ Սալեհի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ գրավելու հուսիների ցանկությունն էր։ Բախումների հետևանքով զոհվել էր մոտ 250 մարդ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թ․ գարնանից սկսած հակամարտության զոհ է դարձել ավելի քան 10 հազար մարդ, իսկ մարդասիրական օգնության կարիք ունի Եմենի բնակչության մոտ 70%-ը, կամ ավելի քան 21 միլիոն մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.