Ռուսաստանը և Հնդկաստանը Ս-400 համակարգի մատակարարման պայմանագիրը կնքել են ռուբլիով
Ս-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարման պայմանագիրը Հնդկաստանի հետ կնքվել է ռուբլիով։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվան ռազմատեխնիկական համագործակցության գծով իր գործընկերների հետ պայմանագրերը կնքելու է դոլարի փոխարեն ազգային արժույթով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ս-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարման մասին համաձայնությունը ձեռք էին բերել դեռ 2016 թ․ հոկտեմբերին։ Զենիթահրթիռային այս համակարգի հինգ օրինակը Հնդկաստանի համար կարժենա 5,43 միլիարդ դոլար։ Այսպիսով Հնդկաստանը կդառնա Ս-400 զենիթահրթիռային համակարգը ձեռք բերող երրորդ երկիրը Չինաստանից և Թուրքիայից հետո։
Հատկանշական է, որ հնդակական բանակի զինտեխնիկայի 70%-ը ռուսական կամ խոհրդային արտադրության է։ Ռուսաստանը Հնդկաստանին մատակարարում է տարեկան մի քանի միլիարդ դոլարի զինամթերք։
Ս-400-ը զենիթահրթիռային նորագույն համակարգ է բարձր հեռահարությամբ։ Նախատեսված է ավիացիայի, թևավոր և բալիստիկ հրթիռների, ինչպես նաև ցամաքային տեղակայման օբյեկտների ոչնչացման համար։ Գործողության հեռահարությունը հասնում է 400 կիլոմետրի։ Կարողանում է խոցել թիրախները մինչև 30 կիլոմետր բարձրության վրա։