ԱՄՆ-ը կարող է մեղմացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Ամերիկյան վարչակազմը եվրոպացի գործընկերների ճնշման տակ կարող է մեղմացնել Իրանի հետ հարաբերություններում իր դիրքորոշումը։ Այս մասին գրում է ամերիկյան Washington Free Beacon թերթը՝ հղում կատարելով ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի։

Նշվում է, որ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնայներ պետքարտուղար Պոմպեոյին համոզել են, որ Իրանին թույլ տրվի մնալ SWIFT միջազգային հաշվարկային համակարգում։ Հաղորդվում է նաև, որ Սպիտակ տունը մի քանի պետությունների, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը և Հարավային Կորեան, հնարավորություն է տվել իրանական նավթ գնել։

Նշվում է, որ պատժամիջոցների մեղմացման մասին որոշումը դժգոհություններ է առաջացրել այն կոնգրեսակաների մոտ, որոնք կողմ են Իրանի նկատմամբ կոշտ դիրքորոշմանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մոտ օրերս Վաշինգտոնում տեղի են ունենալու Իրանի հարցով մի շարք քննարկումներ։

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդների վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։

Այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.