Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով կազմակերպության կայքին։

Հիշեցնենք, որ այս հուլիսի 27-ին ՀՔԾ-ն քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատարան ժամանած Խաչատուրովը հայտնել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացրած մեղադրանքները:

Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Երևանում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.