ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես հայտարարել է, որ վերականգնվում են Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք գործում էին մինչև 2015 թ․ միջուկային համաձայնագրի կնքումը։ Այս մասին տեղեկացնում է Euronews-ը։

Պատժամիջոցները տարածվելու են Իրանի առևտրային, ֆինանսական և էներգետիկ ոլորտների վրա։ Սա պատժամիջոցների երկրորդ փաթեթն է մայիսից ի վեր, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին։

Պատժամիջոցները, որոնք ուժի մեջ կմտնեն առաջիկա երկուշաբթի, սահմանափակելու են այն երկրներին, որոնք կշարունակեն նավթ ներկրել Իրանից, և այն կազմակերպություններին, որոնք կաշխատեն սև ցուցակում հայտնված իրանական ընկերությունների հետ։

Պատժամիջոցները չեն տարածվի ութ երկրի վրա, որոնք կարող են ժամանակավորապես նավթ ներկրել Իրանից։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարությամբ են հանդես եկել։

Նրանց խոսքով՝ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը չի կատարի ԱՄՆ-ի պահանջներն, այդ թվում՝ «դադարեցնել աջակցությունն ահաբեկչությանը, դադարեցնել Սիրիայում ռազմական գործողությունները և ամբողջությամբ վերջ դնել միջուկային և բալիստիկ հրթիռների զարգացմանը»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.