Ուժի մեջ են մտել Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները

Վաշինգտոնը վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք գործում էին մինչև 2015 թ․ միջուկային համաձայնագրի կնքումը։ Այս սահմանափակումները հիմնականում վերաբերում են նավթի արտահանմանը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այս պատժամիջոցներն ամենախիստ են, որ երբևէ սահմանվել են Թեհրանի նկատմամբ։ Նրա խոսքով՝ պատժամիջոցների կործանարար հետևանքներն արդեն նկատվում են իրանական տնտեսության մեջ։ Իրանական արժույթը մեկ տարվա մեջ արժեզրկվել է 70%-ով, իսկ գնաճը միայն հոկտեմբերին կազմել է 37%։

Օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ սև ցուցակում է հայտնվել ավելի քան 600 իրավաբանական և ֆիզիկական անձ, և նրանք, ովքեր կշարունակեն բիզնես անել Իրանի հետ, նույնպես կհայտնվեն սև ցուցակում։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, իր հերթին, հայտարարել է, որ իրենք շարունակելու են նավթ վաճառել՝ հաշվի չառնելով սահմանափակումները։

Նախորդ շաբաթ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Վաշինգտոնը ցանկանում էր թուլացնել իրանի տնտեսությունը, սակայն արդյունքում ավելացել է Թեհրանի ինքնաբավությունը։

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։

Այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20181105/1532137186.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.