Եվրոպական ընկերությունները պետք է ընտրություն կատարեն Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Պոմպեո

Եվրոպական ձեռնարկատիրությունը ստիպված է ընտրություն կատարել ամերիկյան և իրանական ընկերությունների հետ համագործակցության միջև Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Եվրոպական ընկերություններին թույլ չի տրվելու համագործակցել երկու կողմի հետ։ Եվրոպական ընկերությունները փախչում են Իրանից։ Բիզնեսի հարյուրավոր ներկայացուցիչներ լքել են այդ երկիրը։ Ամբողջ աշխարհը հասկանում է, որ այս պատժամիջոցներն իրական են, և դրանք թույլ կտան իրանցի ժողովրդին անել այն փոփոխությունները, որոնք այդքան անհրաժեշտ են», - ասել է Պոմպեոն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ուժի մեջ են մտնում Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները, որոնք գործել են մինչև 2015 թ․ միջուկային համաձայնագրի կնքումը։

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։

Այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

Աղբյուր՝ https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5755770

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.