Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը․ Արմենպրես

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար առաջադրելու է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրին։

«Քաղաքական որոշումն այս հարցի շուրջ արդեն կայացված է՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ ղեկավարությունը պետք է ստանձնի մինչև 2020 թվականը», - ասել է լրատվականի աղբյուրը:

Հիշեցնենք, որ այս հուլիսի 27-ին ՀՔԾ-ն քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատարան ժամանած Խաչատուրովը հայտնել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացրած մեղադրանքները:

Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Երևանում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.