Պատժամիջոցներով Իրանին մեկուսացնելը վտանգավոր է․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան հույս ունի, որ Իրանի խնդիրը լուծելու համար այլ ճանապարհ կգտնվի, քանի որ պատժամիջոցները կարող են բացասական լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանի երկրների համար։ Այս մասին Տոկիոյում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Թուրքիան դեմ է պատժամիջոցներին։ Մենք կարծում ենք, որ պատժամիջոցներով հնարավոր չէ հասնել որևէ արդյունքի․ փոխարենն անհրաժեշտ է երկխոսություն սկսել։ Հույս ունեմ, որ Իրանի հարցով հնարավոր է հասնել այլ լուծման, քանի որ պատժամիջոցները ազդում են ինչպես Իրանի հարևանների, այնպես էլ աշխարհի մի շարք այլ պետությունների վրա», - ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ Թուրքիան այժմ Իրանից գնում է անհրաժեշտ գազի մեկ երրորդը, և «չափազանց դժվար է միանգամից կառուցել էներգամատակարարման համակարգ»։

«Մենք Միացյալ Նահանգներին ասել ենք, որ Իրանին անկյուն սեղմելը խելամիտ չէ, Իրանին մեկուսացնելը վտանգավոր է, իսկ իրանցի ժողովրդին այդ կերպ պատժելը անազնիվ է», - ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ուժի մեջ են մտնում Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները, որոնք գործել են մինչև 2015 թ․ միջուկային համաձայնագրի կնքումը։

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։

Այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.