Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները խախտում են միջազգային իրավունքի նորմերը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սխալ է համարում ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանի դեմ։ Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։

«Մենք չենք ենթարկվի այդ պատժամիջոցներին, քանի որ այդ որոշումը համարում ենք սխալ։ Այդ քայլն ուղղված է աշխարհում հավասարակշռությունը խախտելուն», - ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ պատժամիջոցները «խախտում են միջազգային իրավունքի նորմերը»։

«Անկարան չի ցանկանում ապրել իմպերիալիստական աշխարհում», - շարունակել է Էրդողանը՝ հիշեցնելով, որ իրենք Իրանից գնում են տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ուժի մեջ են մտնում Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները, որոնք գործել են մինչև 2015 թ․ միջուկային համաձայնագրի կնքումը։

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։

Այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.