Ավստրիայի դեսպանը հրավիրվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն

Մոսկվայում Ավստրիայի դեսպան Յոհաննես Այգները կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն՝ ավստրիական բանակի պաշտոնաթող սպայի՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մասին Վիեննայի հայտարարության վերաբերյալ բացատրություններ տալու։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«ԱԳՆ է հրավիրվել Մոսկվայում Ավստրիայի դեսպանը», - լրատվականի թղթակցին ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։ Նշվում է, որ նա պետք է ԱԳՆ ներկայանա այսօր՝ նոյեմբերի 9-ին։

Հիշեցնենք, որ Ավստրիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել ավստրիական բանակի 70-ամյա պաշտոնաթող գնդապետի նկատմամբ, որն, իբր 1990-ականների վերջերից լրտեսություն է անում Մոսկվայի համար։

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը և պաշտպանության նախարար Մարիո Կունասեկը հաստատել են այս տեղեկությունը։ Կուրցն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի արտաքին գործերի նախարար Կարին Կնաիսլը չեղարկել է իր այցը Ռուսաստան և իր մոտ է հրավիրել Վիեննայում ՌԴ դեսպանատան ներկայացուցչին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.