Փարիզում տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի և Դոնալդ Թրամփի հանդիպումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Ելիսեյան պալատի աղբյուրին։

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի թվիթերյան հայտարարությունից հետո, որում ԱՄՆ նախագահը քննադատել է Մակրոնի այն հայտարարությունը, ըստ որի՝ Եվրոպական Միությունը պետք է միասնական բանակ ստեղծի, որպեսզի պաշտպանվի արտաքին վտանգներից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից։

Ելիսեյան պալատի աղբյուրը թվիթերյան հայտարարությունն անվանել է «թյուրիմացություն» և մեջբերել հանդիպման ժամանակ Թրամփի հնչեցրած խոսքերը։ Ֆրանսիայի նախագահի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Թրամփն ասել է․ «Ես կարծում եմ՝ մենք ավելի մտերիմ ենք, քան կարող է թվալ»։

Դոնալդ Թրամփն իր կնոջ հետ Փարիզ է ժամանել նոյեմբերի 9-ի երեկոյան՝ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակին նվիրված միջոցառումներին։ Այս միջոցառումների գլխավոր իրադարձությունը տեղի է ունենալու նոյեմբերի 11-ին Հաղթական կամարի մոտ։ Հանդիսավոր արարողությանը մասնակցելու է շուրջ 60 երկրի ղեկավար, այդ թվում՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նույն օրը բացվելու է նաև Խաղաղության փարիզյան համաժողովը, որի նպատակն է միջազգային լարվածության թուլացումը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.