Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել են հրթիռային գաղտնի բազաներ

Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել է հրթիռային 13 գաղտնի բազա։ Այս մասին ասվում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնի հրապարակած զեկույցում։

Ինչպես ենթադրվում է, ողջ երկրում գործում է մոտ 20 գաղտնի բազա։ Հետազոտությունների կենտրոնի մասնագետ Ժոզեֆ Բերմուդեսի խոսքով՝ չնայած ԱՄՆ-ի հետ բանակցություններին, Հյուսիսային Կորեայի իշխանություններն այս օբյեկտները պահում են աշխատանքային վիճակում։ Ամերիկացի փորձագետի պնդմամբ՝ այստեղ նույնիսկ կատարվում են բարեկարգման աշխատանքներ։

Փաստաթղթում ասվում է, որ բազաները տեղակայված են հեռավոր լեռնային գոտիներում։ Այստեղ կարող են լինել տարբեր հեռահարության բալիստիկ հրթիռներ։ Դրանցից ամենախոշորը, ենթադրաբար, կարող է հասնել Միացյալ Նահանգների տարածքին։ Ինչպես նշում է Բերմուդեսը, օբյեկտներում չկան գործարկման կայաններ։

«Միևնույն ժամանակ որևէ արտակարգ իրավիճակի պարագայում հրթիռները կարող են բազաներից արձակվել», - ասվում է զեկույցում։

Ավելի վաղ New York Times-ը գրել էր, որ Հարավային Կորեայի հետ սահմանին գտնվող Սակկանմոլ բազան բավական լավ վիճակում է և պատրաստ է գործարկվել։

Reuters-ը գրում է, որ Փհենյանը պաշտոնապես չի հայտարարել գտնված բազաների գոյության մասին։ Մասնագետների խոսքով՝ բոլոր միջուկային օբյեկտների հաշվառումը ապամիջուկայնացման ծրագրի ամենակարևոր մասն է։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայացման իր ծրագրի մասին։

Աղբյուր՝  https://lenta.ru/news/2018/11/12/pripryatali/

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.