Մերկելն առաջարկում է ստեղծել Եվրոպայի Անվտանգության խորհուրդ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել Եվրոպայի Անվտանգության խորհուրդ ստեղծելու առաջարկով։ Այս մասին Մերկելը խոսել է Ստրասբուրգում Եվրոպական Խորհրդարանի անդամների մոտ ունեցած ելույթի ժամանակ։

«Ես առաջարկում եմ ստեղծել Անվտանգության խորհուրդ, որը կաշխատի փոփոխականության սկզբունքով և ունակ կլինի արագ որոշումներ կայացնել», - ասել է Մերկելը։

Կանցլերի խոսքով՝ միայն ամուր Եվրոպան կարող է թույլ տալ իր ձայնը լսելի դարձնել միջազգային հարթակներում։ Մերկելը կարծում է, որ Եվրոպական Միությանն անհրաժեշտ է լինել ավելի ինքնուրույն, որպեսզի ինքնուրույն որոշումներ կայացնի իր ապագայի վերաբերյալ։

Նա նաև ողջունել է համաեվրոպական բանակ ստեղծելու գաղափարը և նշել, որ իրենց դրանով աշխարհին ցույց կտան, որ եվրոպական երկրների միջև հնարավոր չէ նոր պատերազմ։

«Դա չի լինի բանակ ՆԱՏՕ-ի դեմ, այլ հաջողությամբ կփոխլրացնի դրան», - ասել է Գերմանիայի կանցլերը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է ստեղծի միասնական զինված ուժեր ԱՄՆ-ից, Չինաստանից և Ռուսաստանից պաշտպանվելու համար։ Այս հայտարարությունը խիստ քննադատության էր արժանացել ԱՄՆ նածագահ Դոնալդ Թրամփի կողմից, որը կրկին կոչ էր արել եվրոպական երկրների ավելացնել ֆինասնական ներդրումները ՆԱՏՕ-ում։

Համաեվրոպական բանակ ստեղծելու գաղափարը քննադատել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ Նրա կարծիքով՝ Եվրոպայի պաշտպանությունը հնարավոր չէ պատկերացնել առանց ԱՄՆ-ի, իսկ եվրոպական միասնությունը «երբեք չի կարող փոխարինել անդրատլանտյանին»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.