Ավարտվել է Թուրքիայում ՌԴ նախկին դեսպանի սպանության գործի քննությունը

Թուրքիայում ՌԴ նախկին դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործի քննությունն ավարտվել է։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը։

Նշվում է, որ մեղադրական ակտն արդեն ուղարկվել է դատախազություն։ Դրա հաստատման դեպքում գործը կուղարկվի դատարան։

Հիշեցնենք, որ 2016 թ․ դեկտեմբերի 19-ին Անկարայի Ժամանակակից արվեստների կենտրոնում ցուցահանդեսի ժամանակ սպանվել էր Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը։ Մարդասպանը, որը ոչնչացվել էր հատուկ գործողության արդյունքում, 22-ամյա Մևլութ Մերթ Ալթընթաշն էր։ Նա Իզմիրի ոստիկանական դպրոցի շրջանավարտ էր և 2.5 տարի աշխատել էր Անկարայի ոստիկանությունում։

Անդրեյ Կարլովի սպանության գործով ձերբակալվել է 8 մարդ, որոնցից 4-ը՝ ոստիկանության նախկին աշխատակիցներ։ Ձերբակալվածների թվում է եղել նաև այն ցուցահանդեսի կազմակերպիչը, որի ժամանակ էլ տեղի էր ունեցել ռուս դեսպանի սպանությունը։

Թուրքիայի իշխանություններն այս հանցագործության կազմակերպման մեջ մեղադրում են Գյուլենական շարժամը։ Անձամբ Ֆեթուլլահ Գյուլենը կտրականապես հերքում է մեղադրանքները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.