ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Սաուդյան Արաբիայի 17 քաղաքացիների նկատմամբ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Սաուդյան Արաբիայի 17 քաղաքացիների նկատմամբ՝ կապված լրագրող Ջեմալ Խաշոգջիի սպանության հետ։ Պատժամիջոցների մասին փաստաթուղթը հրապարակվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում․ տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։

Սահմանափակումները մտցվել են «Գլոբալ Մագնիտսկու ակտի» շրջանակներում, որն ԱՄՆ-ը իշխանությունները կիրառում են բոլոր նրանց դեմ, ովքեր խախտել են մարդու իրավունքները։

Պատժամիջոցների ցանկում ընդգրկված են Սաուդյան Արաբիայի թագաժառանգի նախկին օգնական Սաուդ ալ Քաթանին և Թուրքիայում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոս Մոհամմադ ալ Օթայբին։

«Սաուդցի պաշտոնյաները, որոնց նկատմամբ մենք պատժամիջոցներ ենք սահմանել, ներգրավված են եղել Ջեմալ Խաշոգջիի դաժան սպանության գործին։ Այս մարդիկ, որոնք նպատակաուղղված սպանել են լրագրողին, պետք է զգան իրենց արարքի լրջագույն հետևանքները», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ջրի երես հանեն բոլոր մասնրամասները և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։

Հիշեցնենք, որ լրագրող Ջեմալ Խաշոջին աշխատում էր ամերիկյան The Washington Post թերթում և 2017 թվականից ապրում էր ԱՄՆ-ում։ Նա անհետացել է հոկտեմբերի 2-ին, երբ մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանի շենք։

Շուրջ երկու շաբաթ Թուրքիայում սաուդական դիվանագիտական ներկայացուցչությունը պնդում էր, որ լրագրողը հեռացել է շենքից։ Հոկտեմբերի 20-ին Սաուդյան Արաբիայի լրատվականները հրապարակել էին երկրի գլխավոր դատախազի հայտարարությունը, ըստ որի՝ Խաշոջին մահացել է Ստամբուլի գլխավոր հյուպատոսարանում վերջինիս և դիվանագիտական ներկայացուցչության մի քանի աշխատակիցների միջև ծագած վեճի արդյունքում։ Դատախազի խոսքով՝ այդ գործով ձերբակալվել է 18 մարդ, որոնք հարցաքննվել են։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը, մեկնաբանելով լրագրողի սպանությունը, նշել է, որ հանցագործները չարաշահել են իրենց լիազորությունները։

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը և թագաժառանգ Մուհամմեդ Բին Սալման Ալ-Սաուդը հեռախոսով ցավակցել են սպանված լրագրողի ընտանիքին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.