ԱՄՆ-ում համոզված են, որ Հյուսիսային Կորեան հավատարիմ կմնա ապամիջուկայնացման հարցով իր խոստմանը

Միացյալ Նահանգները համոզված է, որ Հյուսիսային Կորեան հավատարիմ կմնա իր խոստմանը՝ չնայած նոր գերժամանակակից զենքերի փորձարկումներին։ Այս մասին Ռիա Նովոստի-ի հետ զրույցի ընթացքում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը։

Գերատեսչությունում հիշեցրել են, որ Սինգապուրում տեղի ունեցած հանդիպմանը Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը համաձայնություն են ձեռք բերել ապամիջուկայնացման հարցով։

«Մենք հյուսիսկորեացիների հետ խոսում ենք բոլոր այդ պարտավորությունների կատարման մասին։ Նախագահը հստակ հասկացրել է, որ եթե Կիմ Չեն Ընը իրականացնի ամբողջական ապամիջուկայնացումը, ապա Հյուսիսային Կորեային փայլուն ապագա է սպասվում», - ասել է լրատվականի զրուցակիցը։

Նախորդ գիշեր Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստաընկերությունը հաղորդել է գերժամանակակից զենքի հաջող փորձարկման մասին, որը նախապատրաստվել է երկար ժամանակ։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել էին, որ ԿԺԴՀ-ը դադարեցնելու է միջուկային և հրթիռային փորձարկումները երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման դիմաց։

Չնայած ձեռք բերված համաձայնությանը, դեռ որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել այս ուղղությամբ։ Փհենյանը Վաշինգտոնից սպասում է, որ վերջինս քայլեր կձեռնարկի ձեռք բերված համաձայնությունների կատարման ուղղությամբ, իսկ ամերիկյան վարչակազմը հայտարարում է, որ դժգոհ է ապամիջուկայնացման հարցով ԿԺԴՀ-ի անգործությունից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.