Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով կրկին խաղաղ բնակիչներ են զոհվել։ Այս մասին տեղեկացնում սիրիական ՍԱՆԱ գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Դեր Զոր նահանգի Բու Բադրան քաղաքում տեղի ունեցած օդային հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդ։ Հարձակման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նոյեմբերի 14-ին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան կրկին հարվածներ էր հասցրել Դեր Զոր նահանգին։ Զոհվել էր մի քանի մարդ, վիրավորվել՝ 60-ը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կոալիցիան Եփրատ գետի արևելյան ափին հարձակումների ընթացքում կիրառում է միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներ։

Սիրիայում 2011 թվականից ընթանում է ռազմական հակամարտություն նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև, որոնք ձգտում են իշխանությունից հեռացնել Ասադին։ Ռազմական հակամարտությունը վերաճել է քաղաքացիական պատերազմի, որի ընթացքում առաջացել են մի շարք ահաբեկչական խմբավորումներ, որոնցից խոշորագույնը Իսլամական պետությունն է։

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան 2014 թվականից սկսած ավիահարվածներ է հասցնում ահաբեկչական խմբավորումների դիրքերին։ Հատկանշական է, որ կոալիցիան Սիրիայի տարածքում գործում է առանց այս երկրի իշխանությունների թույլտվության։

2015 թ․ Դամասկոսի խնդրանքով հակամարտությանը ներգրավվել է նաև Ռուսաստանը, որն աջակցում է կառավարական ուժերին՝ հարվածներ հասցնելով զինյալների դիրքերին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.