Պենտագոնը Կոնգրեսի և Թուրքիայի հետ քննարկում է ռուսական Ս-400 համակարգի այլընտրանքային տարբերակները
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսի հետ քննարկում է, թե ինչ կարելի է Թուրքիային առաջարկել ռուսական Ս-400 համակարգի փոխարեն։ Այս մասին Ռիա Նովոստի-ին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Փահոնը։
Ավելի վաղ CNBC հեռուստաալիքը, հղում կատարելով ամերիկյան հետախուզական ծառայություններին, հայտնել էր, որ 13 երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, Մարոկկոն, Եգիպտոսը, Վիետնամը և Իրաքը, ցանկանում են ձեռք բերել ռուսական Ս-400 համակարգը՝ չնայած ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներին։ Ռուսական զենքի փոխարեն ամերիկացիներն առաջարկում են սեփական արտադրության զինամթերք։
«Ներկայում մենք դիվանագիտական երկխոսություններ ենք վարում այս հարցով։ Նոյեմբերի 9-ին մենք Կոնգրես ենք ուղարկել Թուրքիայի հետ փոխհարաբերությունների մասին զեկույց։ Այժմ Անկարայի հետ բանակցություններ ենք անցկացնում՝ փորձելով փնտրել Ս-400-ի այլընտրանքային տարբերակ։ Մենք շարունակելու ենք աշխատել Թուրքիայի հետ», - ասել է Փահոնը։
Նրա խոսքով՝ իրենք թուրք գործընկերներին զգուշացրել են այդ գործարքի լուրջ հետևանքների մասին։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են կնքել Ս-400-ի ձեռքբերման վերաբերյալ։ Ըստ համաձայնագրի՝ Անկարան պետք է գնի զենիթահրթիռային այս համակարգի երկու մարտկոց։
Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն բազմիցս քննադատել են Թուրքիային այս համաձայնագրի համար։ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելի խոսքով՝ Ս-400-ի ձեռքբերումը կարող է բացասականորեն ազդել ամերիկյան Ֆ-35 կործանիչների՝ Թուրքիա մատակարարման վրա։
Ի պատասխան՝ Անկարան հայտարարեց, որ միջոցներ կձեռնարկի, եթե Միացյալ Նահանգները փորձի կենսագործել հնչեցրած սպառնալիքները։