Ամերիկյան ռազմական ինքնաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել Կերչի նեղուցի մոտակայքում

Նոյեմբերի 27-ին ամերիկյան ռազմաօդային ուժերի  Boeing P-8A Poseidon հետախույզ-ինքնաթիռը թռիչք է իրականացրել Կերչի թերակղզու և Ղրիմի օդային տարածքների մոտ։ Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում կատարելով PlaneRadar-ին։

Օդանավը մտնում է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 26-րդ պարեկային հրամանատարության կազմ։ Այն 31 կիլոմետր մոտեցել է թերակղզու առափնյա շրջաններին։

Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնում էր, որ Դոնբասի օդային տարածքի շրջակայքում հետախուզական թռիչք է իրականացրել նաև ամերիկյան RQ-4A Global Hawk ինքնաթիռը։

Ria Novosti-ն նշում է, որ վերջին շրջանում բավական ակտիվացել են ամերիկյան ինքնաթիռների հետախուզական թռիչքները Ռուսաստանի սահմանների մոտ։ ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս Վաշինգտոնին կոչ է արել վերջ տալ այդ թռիչքներին, սակայն Պենտագոնը բացասական պաըտասխան է տվել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ուկրաինական երեք ռազմանավեր մտել էին Կերչի նեղուց, որտեղ ռուս սահմանապահները կալանել էին դրանք և կրակ բացել նավերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էր ուկրաինացի 3 զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի պետական սահմանները խախտելու հատկանիշներով։

Ուկրաինայի ազգային անվտանգության խորհուրդը որոշել է երկրում ռազմական դրություն մտցնել 60 օրով։ Ուկրաինայի ԱԱԽ քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ազովի ծովում տեղի ունեցածը համարվում է «ռազմական ագրեսիայի դրսևորում»։

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խոսքով՝ ռազմական դրություն մտցնելը չի նշանակում, որ իրենք պատրաստվում են որևէ հարձակողական գործողության։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.