Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ կնքել է հակահրթիռային պաշտպանության համակարգի մատակարարման պայմանագիր

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ միջկառավարական համաձայնագիր է ստորագրել ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգը գնելու վերաբերյալ, որը կկազմի 15 միլիարդ դոլար։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է պետքարտուղարության ներկայացուցիչը։

Նշվում է, որ երկրները համաձայնագիրը ստորագրել են նոյեմբերի 26-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ։

«Նոյեմբերի 26-ին ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձինք ստորագրել են միջկառավարական համաձայնագիր, որով հստակեցվում է ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի մատակարարման պայմանները», - նշել է պետքարտուղարության ներկայացուցիչը։

Դիվանագետը հիշեցրել է, որ 2017 թ․ պետքարտուղարությունը Կոնգեսին զեկուցել էր Սաուդյան Արաբիային 44 THAAD համակարգի, 360 հրթիռների, 16 կառավարման կենտրոնների և այդ համակարգերի 7 ռադարների մատակարարման մասին, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 15 միլիարդ դոլար։

«Սաուդյան Արաբիային հակահրթիռային պաշտպանության համակարգերի վաճառքը օգուտ կբերի ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը և կապահովի Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությունը իրանական բալիստիկ հրթիռների սպառնալիքից և Իրանի աջակցությունն ստացող ծայրահեղական խմբավորումներից», - շարունակել է պետքարտուղարության ներկայացուցիչը։

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում լրագրող Ջեմալ Խաշոգջիի սպանությունից հետո ամերիկացի կոնգրեսականները քննադատում էին Ռիադի հետ 110 միլիարդ դոլարի ռազմական պայմանագիր կնքելու Վաշինգտոնի որոշումը, սակայն THAAD համակարգի մատակարարման մասին համաձայնագիրը Կոնգրեսը հավանության էր արժանացրել դեռ նախորդ տարի։

2018 թ․ փետրվարին ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել էր, որ ռուսական Ս-400 համակարգի ձեռքբերման վերաբերյալ Սաուդյան Արաբիայի հետ բոլոր փաստաթղթերը ստորագրվել են։ Այս ամսվա սկզբում, սակայն, Մոսկվայում Սաուդյան Արաբիայի դեսպանը հայտարարեց, որ Ս-400 համակարգի ձեռքբերման վերաբերյալ Ռիադը դեռ վերջնական որոշում չի կայացրել, և հարցը քննարկման փուլում է։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.