ԱՄՆ-ը խոչընդոտում է իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորմանը․ Աբբաս

ԱՄՆ-ի ղեկավարությունը խոչընդոտում է իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորմանը, և Վաշինգտոնը չի կարող լինել այս գործընթացի միակ միջնորդը։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը։

«Միացյալ Նահանգները չի կարող լինել իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման միակ միջնորդը։ Մենք չենք ցանկանում որևէ առնչություն ունենալ այդ վարչակարգի հետ և նրանցից չենք ընդունի որևէ պլան, որը խախտում է միջազգային իրավունքը և չի համապատասխանում միջնորդի դերին», - իտալական La Stampa թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է Աբբասը։

Նրա խոսքով՝ 2017 թ․ Դոնալդ Թրամփն առաջարկում էր որպես միջնորդ հանդես գալ կողմերի միջև, սակայն ավելի ուշ կտրուկ փոխեց իր դիրքորոշումը՝ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելով և այն հռչակելով Իսրայելի մայրաքաղաք։

Աբբասն ընդգծել է, որ պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների միջազգային տարբեր ձևաչափերի և խաղացողների միջնորդությամբ։

«Նախորդ տարվա փետրվարին ես ՄԱԿ-ում հայտարարել եմ, որ հակամարտության կարգավորման հարցում հաջողություն գրանցելու միակ միջոցը նոր մեխանիզմ ստեղծելն է, որը կներառի Անվտանգության Խորհրդի բոլոր անդամներին, Մերձավորարևելյան քառյակին և այլն։ Եվրոպան նույնպես կարող է կարևոր դեր խաղալ։ Մենք բաց ենք Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների համար։ Ես նույնիսկ պատրաստ էի հանդիպեմ Բենիամին Նեթանյահուի հետ Մոսկվայում, ուր մեզ հրավիրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Իսրայելի վարչապետը, սակայն, երբեք չի եկել հանդիպման», - նշել է Աբբասը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.