Եմենում զինված հակամարտության կողմերը համաձայնել են փոխանակել գերիներին

Եմենում զինված հակամարտության կողմերը՝ երկրի կառավարությունը և «Անսարալլահ» ապստամբ շարժման ներկայացուցիչները (հուսիները), պայմանավորվածություն են ձեռք բերել գերիների փոխանակման վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Մարտին Գրիֆֆիտսը։

«Համաձայնագիր է ստորագրվել գերիների փոխանակման վերաբերյալ։ Սա շատ կարևոր է հազար ընտանիքների համար, որոնք կարող են վերամիավորվել։ Այս համաձայնությանը հասնելը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ են կողմերի միջև բանակցությունները», - ասել Գրիֆֆիտսը։

France Press գործակալության տվյալներով՝ նախատեսվում է իշխանամետ ուժերի 1500-2000 զինծառայողներին փոխանակել «Անսարալլահ» խմբավորման 1000-1500 զինյալի հետ։

Եմենի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների հերթական փուլը տեղի է ունեցել Շվեդիայում։ Հուսիների ներկայացուցիչները Ստոկհոլմ են ժամանել դեկտեմբերի 5-ի երեկոյան։ Նրանց ուղեկցել է Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Մարտին Գրիֆֆիտսը։ Բանակցություններին մասնակցելու հուսիների ամենակարևոր նախապայմանն իրենց անվտանգության ապահովվումն էր։

Եմենի կառավարությունը պահանջում է, որ զինյալները ամբողջությամբ դուրս գան Հոդեյդա նավահանգստից։ Ապստամբներն, իրենց հերթին, սպառնացել են փակել Սանայի օդանավակայանը, եթե Շվեդիայի բանակցությունների արդյունքում համաձայնության չհասնեն քաղաքացիական անձանց համար օդանավակայանը բացելու հարցի շուրջ։

Նշենք, որ 2014 թ. օգոստոսից Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և ապստամբ հուսիների հակամարտությունը: Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թ. մարտին, երբ հակամարտությանը միջամտել է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան:

Նախորդ տարվա նոյեմբերի 29-ին Սանայում ընթացել են դաժան մարտեր, ինչի պատճառը Եմենի նախկին նախագահ Ալլահ Սալեհի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ գրավելու հուսիների ցանկությունն էր։ Բախումների հետևանքով զոհվել էր մոտ 250 մարդ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թ․ գարնանից սկսած հակամարտության զոհ է դարձել ավելի քան 10 հազար մարդ, իսկ մարդասիրական օգնության կարիք ունի Եմենի բնակչության մոտ 70%-ը, կամ ավելի քան 21 միլիոն մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.