Թրամփը որոշել է պետքարտուղարության մամուլի խոսնակին նշանակել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Հեդեր Նաուերթին նշանակել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով Bloomberg գործակալության։

Լրատվականն այս տեղեկությունը հայտնում է՝ հիմնվելով երեք աղբյուրի վրա։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Fox News-ը, ԱՄՆ նախագահն իր որոշման մասին պետք է պաշտոնապես հայտարարի դեկտեմբերի 7-ին։

Նոյեմբերի սկզբին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում թեկնածուի մասին կհայտնի տարվա վերջին։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնի համար դիտարկում է հինգ թեկնածություն։

Հիշեցնենք, որ ներկայում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հրաժարական է ներկայացրել և կլքի զբաղեցրած պաշտոնն առաջիկա հունվարին։

Նիկի Հեյլին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնում է 2017 թ․ հունվարի 27-ից։ Նախագահ դառնալուց հետո Թրամփը Հեյլիին առաջարկել է զբաղեցնել պետքարտուղարի պաշտոնը, սակայն վերջինս հրաժարվել է՝ նշելով, որ ինքը չափազանց անփորձ է դրա համար, ինչից հետո նրան առաջարկվել է դառնալ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։ Հեյլին խնդրել է նաև իրեն դարձնել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի անդամ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.