ԱՄՆ-ը պատրաստվում է պետական հեղաշրջում իրականացնել Վենեսուելայում․ Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է պետական հեղաշրջում իրականացնել Բոլիվարյան Հանրապետությունում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Վենեսուելայի պետական հեռուստաընկերությանը։

«Այսօր իրականացվում և Սպիտակ տան կողմից կոորդինացվում է Վենեսուելայի ժողովրդավարական կյանքը խարխլելու, ինչպես նաև պետութան օրինական իշխանության դեմ պետական հեղաշրջում իրականացնելու փորձեր», - հայտարարել է Մադուրոն։

Վենեսուելայի առաջնորդը խոստացել է նաև առաջիկայում մամուլի ասուլիս հրավիրել և ներկայացնել մանրամասներ, ինչպես նաև Սպիտակ տանը մշակված դավադրության վերաբերյալ տվյալներ։

Այս տարվա սեպտեմբերի սկզբին The New York Times թերթը հայտնում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները գաղտնի հանդիպումներ են ունեցել վենեսուելացի ընդդիմադիր զինվորականների հետ և քննարկել Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու հարցը։

Ներկայում Վենեսուելայում ծանր սոցիալ-տնտեսական ճգնաժամ է, որն ուղեկցվում է աննախադեպ գնաճով և ազգային արժույթի շեշտակի արժեզրկմամբ։ Երկրի ազգային ժողովի տվյալներով՝ այս տարվա հունվարից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում գնաճը կազմել է մոտ 287 հազար տոկոս։ Վենեսուելայի ֆինանսների նախարարության տվյալներով՝ մինչև տարվա վերջ տարեկան գնաճի տոկոսը կարող է հասնել միլիոնի։

ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի գրասենյակի և Փախստականների հարցերով միջազգային կազմակերպության տվյալներով՝ Վենեսուելայից գնացած միգրանտների թիվը հասնում է 3 միլիոնի։ Վենեսուելայի կառավարությունը չի ընդունում երկրում հումանիտար ճգնաժամի առկայությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.