Մայք Պոմպեոն քննադատել է ռուսական ինքնաթիռների մատակարարումը Վենեսուելային

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննադատել է Ռուսաստանի կողմից Ту-160 հրթիռակիրների մատակարարումը Վենեսուելային։ Նրա խոսքով՝ դա պետական միջոցների անիմաստ վատնում է։

Այս մասին Պոմպեոն գրել է իր թվիթերյան էջում։

«Ռուսաստանի կառավարությունը մոլորակի կեսի վրայով ռմբակոծիչներ է ուղարկել Վենեսուելա։ Ռուսաստանի և Վենեսուելայի ժողովուրդները պետք է հասկանան, թե դա ինչ է նշանակում․ երկու կոռումպացված կառավարություն վատնում են պետական միջոցները և ճնշում են ազատությունը և անկախությունը, մինչդեռ իրենց ժողովուրդները տառապում են», - գրել է Պոմպեոն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը Վենեսուելա էր ուղարկել Ту-160 տեսակի երկու ռմբակոծիչ, ինչպես նաև ռազմաօդային ուժերի Ан-124 և Ил-62 ինքնաթիռներ։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ինքնաթիռները անցել են ավելի քան 10 հազար կիլոմետր, և թռիչքն իրականացվել է համաձայն միջազգային իրավունքի բոլոր նորմերի։

Ту-160-ը գերձայնային ռազմավարական ռմբակոծիչ-հրթիռակիր է՝ թևերի երկրաչափությունը փոփոխելու հնարավորությամբ։ Համարվում է  աշխարհի ամենամեծ, ամենածանր և ամենահզոր մարտական գերձայնային ինքնաթիռներից մեկը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.