Սպիտակ տունը մեկնաբանել է Ջեյմս Մեթիսի հրաժարականը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը տարաձայնություններ ունեին մի շարք հարցերի շուրջ։ Այս մասին Fox News-ին տված հարզացրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը՝ մեկնաբանելով Ջեյմս Մեթիսի հրաժարականը։

«Նախագահը և պաշտպանության նախարարը համաձայնել են, որ մի շարք հարցերի շուրջ ունեն հակոտնյա մոտեցումներ, սակայն շարունակելու են պահպանել լավ հարաբերությունները։ Նա լավ է ծառայել պետությանը և նախագահին», - ասել է Սանդերսը։

Սպիտակ տան մամուլի խոսնակի հավաստմամբ՝ Թրամփը մշտապես հաշվի է առել Մեթիսի առաջարկությունները և մտքերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել էր, որ հաջորդ տարվա փետրվարին Ջեյմս Մեթիսը կհեռանա Պետնագոնի ղեկավարի պաշտոնից։ Նա հավելել էր նաև, որ պաշտպանության հաջորդ նախարարի թեկնածուի անունը հայտնի կդառնա մոտ ժամանակներս։

Ջեյմս Մեթիսը Դոնալդ Թրամփին ուղղած իր նամակում, որտեղ հայտնում է հրաժարականի մասին, գրել է, որ իր որոշումը պայմանավորված է մի շարք հարցերի շուրջ նախագահի հետ ունեցած տարաձայնություններով։

Հատկանշական է նաև, որ Պենտագոնի ղեկավարն այս որոշումն ընդունել է ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին Թրամփի հայտարարությունից հետո։

Ջեյմս Մեթիսն ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնում է 2017 թ․ հունվարի 20-ից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.