Չինաստանն առաջին անգամ փորձարկել է ռուսական Ս-400 համակարգը
Չինաստանի ազգային ազատագրական բանակը փորձարկել է ռուսական Ս-400 համակարգը՝ խոցելով 3 կիլոմետր վայրկյան արագությամբ ընթացող բալիստիկ թիրախը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Փորձարկումը տեղի է ունեցել դեկտեմբերի առաջին տասնօրյակում Ս-400 համակարգի դիվիզիոններից մեկում։ Կրակի արձակման համակարգից դուրս եկած 48Н6Е տեսակի հրթիռը խոցել է բալիստիկ թիրախը, որը թռչում էր 3 կմ/վրկ արագությամբ», - ասել է աղբյուրի զրուցակիցը՝ նշելով, որ թիրախը խոցվել է շուրջ 250 կիլոմետր հեռավորության վրա։
Նրա խոսքով՝ փորձակումը կատարվել է «պայմանական հակառակորդի կողմից կապի լուրջ խոչընդոտների պայմաններում»։
Չինաստանը ռուսական Ս-400 համակարգի առաջին արտասահմանյան գնորդն է։ Համաձայն ստորագրված պայամանագրի՝ ռուսական կողմը պետք է Չինաստանին մատակարարի Ս-400 զենիթահրթիռային երկու համակարգ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ առաջինն արդեն այս տարվա մայիսին ծովային ճանապարհով հասել է Չինաստան։
Հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային Ս-400 համակարգը նախատեսված է բալիստիկ հրթիռների և ինքնաթիռների խոցման համար: Թիրախները կարողանում է խոցել մինչև 400 կմ հեռավորության վրա: