ԱՄՆ-ը պատրաստվում է դուրս բերել զորքերն Աֆղանստանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրեր է մշակում Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայության թիվը կրճատելու վերաբերյալ։ Զորքերի դուրսբերումը կարող է սկսվել մի քանի շաբաթից։

Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին։

Պարբերականը գրում է, որ այժմ Աֆղանստանում կա շուրջ 14 հազար ամերիկացի զինծառայող։ Լրատվականի զրուցակիցները նշում են, որ այս կերպ Թրամփը ցանկանում է հնարավորության դեպքում աստիճանաբար դուրս գալ հակամարտությունից։

Աղբյուրը հավելում է, որ ամերիկացի զինծառայողների մեծ մասն Աֆղանստանում ծառայում են ՆԱՏՕ-ի խոշոր ծրագրի շրջանակում, որը կոչված է վերապատրաստել և օգնել աֆղան զինվորականներին։ Զորքերի դուրսբերման միակ դժվարությունը կարող է լինել այն, որ Վաշինգտոնն այստեղ մասնակցում է «Վճռական աջակցություն» անունն ստացած ոչ ռազմական գործողությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր Սիրիայից զորքերը դուրս բերելու մտադրության մասին։ Այս որոշման մասին հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.