Դեռ վաղ է եզրակացություններ անել Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունների վերաբերյալ․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կարծում է, որ դեռ վաղ է եզրակացություններ անել Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունների վերաբերյալ։

«Դեռ վաղ է մանրամասն վերլուծել Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի ծրագրերը։ Թեհրանը բավարար տեղեկություններ չունի Սիրիայում ԱՄՆ-ի պլանների վերաբերյալ, որպեսզի հստակ իր կարծիքը հայտնի», - ասել է Զարիֆը։

Նա նշել է, որ Թեհրանի կարծիքով՝ Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ի սկզբանե չի եղել օրինական և չի բխել սիրիացի ժողովրդի շահերից։

«Նրանք երբեք իրական պայքար չեն մղել Իսլամական պետության դեմ։ Նրանց գործողությունները և հայտարարությունները մշտապես կրել են քարոզչական բնույթ», - շարունակել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Անդրադառնալով Սիրիայում նոր ռազմական գործողություններ սկսելու Թուրքիայի ծրագրերին՝ Զարիֆը նշել է, որ Անկարան պետք է համագործակցի Դամասկոսի հետ և համաձայնեցնի իր գործողությունները։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայում Իսլամական պետության դեմ վերջնական հաղթանակի և ամերիկյան զորքերն արաբարական այս երկրից դուրս բերելու մասին։

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից, սակայն սա և ԻՊ-ի դեմ հաղթանակը չի նշանակում, որ միջազգային կոալիցիան դադարելու է գոյություն ունենալ։

Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ պետքարտուղարության աշխատակիցները 24 ժամվա մեջ դուրս են բերվել Սիրիայից, իսկ զորախմբի դուրսբերումը տեղի կունենա 60-ից 100 օրվա ընթացքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.